Իրաքի նախագահ Ջալյալ Թալաբանիի առողջությանը կհետեւի բրիտանական բժիշկների խումբը, որը երկիր կժամանի դեկտեմբերի 19-ին, հայտնում են արաբական հեռուստաալիքները: 

Հիշեցնենք, որ 79-ամյա Թալաբանին (քուրդ) հիվանդանոց էր տեղափոխվել նախօրեին՝  առողջության կտրուկ վատթարացման պատճառով, եւ պառկած է Բաղդադի հիվանդանոցի  ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակում: Հաղորդվել էր, որ  նա սրտի կաթված է ստացել: Տեղի լրատվամիջոցները մի քանի անգամ լուրեր են տարածել նրա մահվան մասին: Ավելի ուշ նախագահի գրասենյակից հերքել են այդ  «լուրերը»:

Այնուհետեւ ելույթ է ունեցել  պետության ղեկավարի գրասենյակի ղեկավար Նասիր  Անին, որը վստահեցրել է, որ Թալաբանիի վիճակը կայուն է եւ աստիճանաբար կարգավորվում է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ըստ բուժող բժիշկների պաշտոնական հայտարարության` համակողմանի հետազոտության արդյունքները «լավատեսություն են ներշնչում»: Մինչդեռ հիվանդանոցում մի շարք աղբյուրներ պնդում են, որ նա մինչ այժմ ծանր, անգիտակից վիճակում է: