2012թ. սեպտեմբերին Լիբիայի Բենգազի քաղաքում ԱՄՆ-ի դեսպանի մահվան պատճառը Պետական դեպարտամենտի ոչ բավարար ուշադրությունն էր դիվանագիտական առաքելության անվտանգության հանդեպ: Այդ մասին ասվում է զեկույցում, որն ուղարկվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնին:
The New York Times թերթը հայտնում է, որ զեկույցում Պետդեպարտամենտը «սուր քննադատության է» արժանացել այն բանի համար, որ չի ապահովել դիվանագիտական առաքելության պաշտպանությունը փորձառու մասնագետներով, այլ չափից ավելի վստահել է տեղական պահակային ծառայության անծանոթ աշխատակիցներին, հայտնում է «Էխո Մոսկվին»:
Քլինթոնն իր հերթին ընդունել է անվտանգության ապահովման բնագվառում հետաքննության հայտնաբերած թերությունները, որի մասին հատուկ նամակով հայտնել է ԱՄՆ-ի Կոնգրեսի համապատասխան կոմիտեին: Պետքարտուղարն ընդգծել է, որ արդեն հանձնարարել է «արագ եւ իսպառ» վերացնել զեկույցում նշված բացթողումները: Նա հայտնել է դիվանագիտական առաքելությունների թիկնազորի անդամների թվի էական ավելացման մասին, եւ որ Պետդեպը խնդրել է այդ նպատակներով ավելացնել բյուջետային հատկացումները:




























