Հարավային Կորեայում դեկտեմբերի 19-ին նախագահական ընտրություններ են: Պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում է վեց թեկնածու, սակայն հիմնական պայքարը  իշխող «Սենուրի» կուսակցության ներկայացուցչուհի Պակ Կըն Հեի եւ ազատական Միավորված դեմոկրատական կուսակցության  թեկնածու Մուն Չժե Ինի միջեւ է: 

Ըստ հարցումների տվյալների` երկու թեկնածուներն էլ գրեթե հավասար հնարավորություններ ունեն: Եթե հաղթի Պակ Կըն Հեն, նա կդառնա երկրի պատմության առաջին կին նախագահը, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Տեղացի փորձագետները կարծում են, որ Պակ  Կըն Հեն առավել մեծ ժողովրդականություն ունի ավագ սերնդի շրջանում, որոնք  պետության ղեկավարի պաշտոնում տեսել են նրա հորը`  Պակ Չոն Հիին: Ըստ նրանց` հենց նրա կառավարման օրոք է  (1962-1979) երկրի տնտեսությունը կտրուկ աճ գրանցել, գրում է KM.RU-ն:

Ընտրություններն անցկացվում են մեկ փուլով: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ամենաշատ ձայներ կհավաքի: Ըստ Հարավային Կորեայի Սահմանադրության` նախագահն ընտրվում է հինգ տարով, միայն մեկ ժամկետով: