Մեքսիկայի հյուսիսային Դուրանգո նահանգի Գոմես Պալասիո քաղաքի բանտում տեղի ունեցած խռովության հետեւանքով զոհվել է առնվազն 17 մարդ։ Այս մասին հաղորդել են տեղական դատախազությունում։ Զոհերի թվում են 6 պահակներ, այդ թվում՝ մեկ կին, եւ 11 բանտարկյալներ, հաղորդում է Latindex-ը։ «BBC» ռուսական ծառայությունը հաղորդում է 18 զոհի մասին։
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալներով՝ բանտարկյալների խումբը փորձ է արել գրոհով վերցնել ծառայողական աշտարակները եւ պահակային հրապարակները եւ հրաձգություն է սկսվել։ Այդ նույն ժամանակ հանցագործների մյուս մասը փորձել է փախուստի դիմել փորված թունելների միջով, սակայն, նրանց փախուստը կանխել են օգնության եկած զինվորականները։
Անվտանգության ուժերի եւ հանցագործների միջեւ փոխհրաձգությունը շարունակվել է մոտ 40 րոպե, որից հետո հսկողությունը ուղղիչ հաստատությունում վերականգնվել է։
Բանտում անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ դեկտեմբերի 16-ին այդ բանտից Մեքսիկայի այլ քրեակատարողական հաստատություններ են տեղափոխվել 137 վտանգավոր բանտարկյալներ։ Այժմ իշխանությունները փորձում են պարզել, թե ինչպես են բանտարկյալները հրազեն ձեռք բերել։




























