Յուտայում 11-ամյա տղան կալանավորվել է զենքով դպրոց գնալու համար: Երեխան հայտնել է, որ զենքը տարել է ինքնապաշտպանության համար՝ վախենալով Նյութաունի դեպքերի կրկնությունից:
Տղայի մոտի զենքի մասին ուսուցչին պատմել են համադասարանցիները: Ուսուցիչն անհապաղ դիմել է ոստիկանություն: Ժամանած իրավապահները տղայի պայուսակում ատրճանակ եւ փամփուշտներ են հայտնաբերել:
Տղային մեղադրում են դպրոցի տարածքում զենք պահելու մեջ: Ոստիկանները ստուգում են այն տեղեկությունը, ըստ որի երեխան իբրեւ թե զենքը պահել է մեկ այլ աշակերտի գլխին, հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն:
Հիշեցնենք, դեկտեմբերի 14-ին Կոնեկտիկուտ նահանգում Ադամ Լանզան տանը սպանել էր մորը, հետո զինված գնացել էր Sandy Hook դպրոց, որտեղ դասավանդում էր մայրը: Այնտեղ նա սպանել էր 20 երեխայի եւ վեց մեծահասակի, ինչից հետո ինքնասպան էր եղել:





























