Նյութաունի տարրական դպրոցում սպանդ կազմակերպած Ադամ Լանզայի մայրը մտադիր էր նրան հոգեբուժարանում հարկադիր բուժման ուղարկել: Հետաքննությունը վարող ոստիկանների կարծիքով՝ դա կարող էր հանցանքի դրդապատճառը լինել:

Ադամը կարող էր իմանալ, որ մայրն իրեն հարկադիր բուժման ուղարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերն է լրացնում: Դատելով ամեն ինչից՝ Ադամին դա խիստ վշտացրել է եւ զայրացրել: Նրան կարող էր թվալ, որ մայրը ցանկանում է ազատվել իրենից: Հնարավոր է, հենց դա էլ «պոռթկման» պատճառ է դարձել:

Որդուն հոգեբուժարանում հարկադիր բուժման ուղարկելու Նենսի Լանզայի մտադրությունը դիտվում է որպես հիմնական դրդապատճառ, գրում է vesti.ru-ն:

Հիշեցնենք, կինը որդու առաջին զոհն էր դարձել: Քննության տվյալներով՝ տղան մոր գլխին չորս կրակոց է արձակել, հետո, զինվելով երկու ատրճանակով ու հրացանով, ուղեւորվել է քաղաքի տարրական դպրոցներից մեկը: Ուսումնական հաստատություն ներխուժելով՝ հրաձգություն է սկսել: Զոհվել են 6-7 տարեկան 20 երեխա եւ վեծ մեծահասակ, այդ թվում՝ տնօրենը: Ոստիկանության ժամանման մասին տեղեկանալով՝ տղան ինքնասպան է եղել:

Ադամ Լանզան աուտիզմի տեսակներից մեկով՝ Ասպերգերի համախտանիշով էր տառապում: Ծանոթների  բնութագրմամբ՝ նա խելացի, բայց շատ ամաչկոտ եւ ինքնամփոփ պատանի էր: Նրանց տանը հաճախ աշխատած ջրմուղագործ Փիթեր Վլասյուկը պատմել է, որ Ադամը գրեթե միշտ առանց պատուհանների նկուղում էր լինում, որտեղ տարբեր տեսակի զենք-զինամթերք կար, եւ ժամերով տեսախաղեր էր խաղում, այդ թվում հայտնի Call of Duty հրաձգությունը: Լանզայի մայրը զենքի մեծ սիրահար էր եւ հաճախ որդուն հրաձգարան էր տանում, իսկ տանը մի ամբողջ զինանոց ուներ: