ՀԱՊԿ միավորված շտաբի ղեկավար է նշանակվել ռուսաստանցի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Նրա խոսքով, համապատասխան որոշումն ընդունվել է ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, որը տեղի է ունենում այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում: Ստուդենիկինի թեկնածությունը առաջադրել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ, գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը: Այդ թեկնածությունը նախապես համաձայնեցված է եղել ՀԱՊԿ բոլոր երկրների պատվիրակությունների հետ:
Մինչ այս Ստուդենիկինը գտնվել է ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի ենթակայության տակ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ալեքսանդր Ստուդենիկինը ծնվել է 1955 թվականին, ավարտել է Մոսկվայի համազորքային հրամանատարության ուսումնարանը, Ֆրունզեի անվան համազորքային ակադեմիան եւ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի զինվորական ակադեմիան: Նա ծառայել է Լենինգրադի, Հեռավորարեւելյան եւ Մոսկվայի զինվորական օկրուգներում: Ծառայություն է անցել Հյուսիսային Կովկասում, միավորված խմբավորման կազմում:





























