Ռուսական Պետդումայում առայժմ միայն քննարկում են այսպես կոչված «Դիմա Յակովլեւի» օրենքը, որը նախատեսում է արգելել ամերիկյան ընտանիքների կողմից ռուս երեխաների որդեգրումը: Փաստաթուղթը «Մագնիտսկու օրենքի» պատասխանը պետք է դառնա: Սակայն փաստացի ԱՄՆ-ի Պետդեպն ու ՌԴ ԱԳՆ-ն վաղուց են «վիզային պատերազմ» վարում արտասահմանցի որոշ պաշտոնյաների դեմ, գրում է «Իզվեստիա» թերթը:

Արգելքները սկսվել էին 2001-ին, երբ ԱՄՆ-ի Պետդեպը հայտարարել էր ՆԳՆ-ի, ԱԴԾ-ի, ԴՀԾ-ի, գլխավոր դատախազության եւ պատժի իրագործման դաշնային ծառայության՝ «Մագնիտսկու գործին» մասնակից մի քանի տասնյակ աշխատակիցների մուտքը սահմանափակելու մասին: Ռուսաստանն անմիջապես պատասխան էր ուղարկել. Ռուսական սեւ ցուցակում է ամերիկյան զինվորական Գուանտանամո բանտի նախկին պետը, որին ռուսական վիզա չէին տրամադրել: Միջադեպը կատարվել էր դեռեւս 2011-ի վերջին: Գուանտանամոյի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո զինվորականը նշանակում էր ստացել Պենտագոնի ռուսական դեպարտամենտում: Վիզան մերժելու հիմնավորումը պաշտոնյայի կողմից «մարդու իրավունքների խախտումն» էր նշվել:  

«Իզվեստիան» ուսումնասիրել է Կուբայում ամերիկյան ռազմակայանի բանտերի նախկին բոլոր ղեկավարների կենսագրությունը եւ պարզել, որ պահանջվող չափանիշներին համապատասխանում է միայննախավերջին տնօրեն,ԱՄՆ ռազմածովային ուժերի  կոնտր-ծովակալ Ջեֆրի Հարբեսոնը:

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ ռուսական ԱԳՆ-ն չի մեկնաբանել ՌԴ-ի կողմից  Գուանտանամոյի նախկին ղեկավարին վիզա չտրամադրելու մասին տեղեկությունը:

«Ռուսաստան մուտքի իրավունքից զրկված անձանց անունները չեն հրապարակվում», - գործակալությանը հայտնել է ԱԳՆ-ի աղբյուրը: