Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ, չարորակ ուռուցքի հեռացման հերթական վիրահատությունից հետո, շնչառական վարակ է հայտնաբերվել։ Այս մասին հաղորդել է Վենեսուելայի տեղեկատվության նախարար Էռնեստո Վիլգեսը։
Նրա խոսքերով՝ բժիշկները Չավեսի վիճակը գնահատում են կայուն, հաղորդում է «Ռոսբալթ»-ը։
Ավելի վաղ, երկրի գիտության եւ տեխնոլոգիայի նախարար Խորխե Արեասը՝ Վենեսուելայի առաջնորդի աները, հաղորդել է, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի ինքնազգացողությունը վիրահատությունից հետո բարելավվում է։ Չավեսը գիտակցության մեջ է։
Ինչպես հաղորդվել է, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի մոտ քաղցկեղի ուռուցքի հեռացման 6 ժամյա վիրահատությունից հետո անսպասելի բարդություններ են սկսվել։ Բժիշկներին հաջողվել է կանգնեցնել արյունահոսությունը, որը Չավեսի մոտ սկսվել էր ծանր վիրահատությունից 2 օր հետո։
2013 թվականի հունվարի 10-ին նշանակված է նրա երրորդ նախագահական ժամկետի հանդիսավոր բացումը։ Ինչպես հաղորդում են որոշ ԶԼՄ-ներ, եթե Չավեսը չմասնակցի դրան, ապա Վենեսուելայում 30 օր հետո կանցկացվեն նախագահական նոր ընտրություններ։ Իր իրավահաջորդին Վենեսուելայի առաջնորդը նշանակել է Վենեսուելայի վարչապետ Նիկոլաս Մադուրոյին։ Նրա հնարավոր հակառակորդ կարող է լինել ընդդիմության թեկնածու Էնրիկե Կապրիլեսը, որն այս տարվա հոկտեմբերի ընտրություններին պարտվել էր Ուգո Չավեսին:




























