Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին:

Նիստի ընթացքում քննարկվել են եւ հավանության արժանացել նույն օրը կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպության եւ դրա շրջանակներում համագործակցության առավել ամրապնդմանը:

Նախարարներն անդրադարձել են մինչեւ 2020 թ. ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդմանն ու զարգացմանն առնչվող մի շարք փաստաթղթերի նախագծերի, արտակարգ իրավիճակներում հավաքական արձագանքի համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ-ում Ուզբեկստանի անդամակցությանը, Աֆղանստանում իրավիճակի զարգացման վերաբերյալ կանխատեսումներին:

ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները քննարկել են Կազմակերպության գլխավոր քարտուղարի տարեկան զեկույցը, տեղեկատվական բնագավառում համագործակցության, կազմակերպչական եւ ֆինանսական հարցերը, ինչպես նաեւ համաձայնեցրեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Հանդիպման օրակարգում էին հաջորդ տարի նախատեսվող ՀԱՊԿ-ում Ղրղզստանի նախագահության առաջնահերթությունները, նաեւ հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման, ռազմատնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացման, ահաբեկչության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերը:

Համատեղ նիստի արդյունքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք ներկայացվել են Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:

Նիստի ավարտին ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահությունը Ղազախստանից փոխանցվել է Ղրղըզստանին։