Մահացած միայնակ ամերիկացի թոշակառու Վալթեր Սամաշկոյի Քարսոն Սիթիում (Նեւադա նահանգ) գտնվող ավտոտնակում գանձ են հայտնաբերել: Գանձը գտել է մահացած ամերիկացու տունը մաքրելու եկած խումբը:
AP-ի փոխանցմամբ՝ հազար ոսկե մետաղադրամների ընդհանուր արժեքը մոտ 7,5 մլն դոլար է, որը նա պահել է փամփուշտների համար նախատեսված տուփերում: Գանձի հայտնաբերումն անսպասելի է եղել նաեւ Քարսոն Սիթիի բնակիչների համար, ովքեր թոշակառու ամերիկացուն ճանաչում էին որպես համեստ, ոչ հարուստ մարդու, ով տեղի դպրոցում հաճախ փոխարինում էր հիվանդացած ուսուցիչներին եւ փակ ապրելակերպ վարում:
Տեղի իշխանություններին դժվարությամբ է հաջողվել գտնել գանձի ժառանգորդին, ով Սամաշկոյի հորեղբոր աղջիկն է: Վերջինս եւս զարմացել է, որ իր ազգականը նման հարստություն է ունեցել, հաղորդում է NEWSru.com-ը:
Պահպանված փաստաթղթերից պարզ է դարձել, որ 1960-ական թվականներից ի վեր, Սամաշկոյի մայրն ամեն ամիս ամերիկյան, ավստրիական եւ մեքսիկական արտադրության ոսկե մետաղադրամներ է գնել: «Նրանք մետաղադրամների հավաքածու կազմողներ չէին, այլ՝ ներդրողներ»,-ասել են Քարսոն Սիթիի բնակիչները:
Հաշվի առնելով ոսկու գնաճը, Սամաշկոների ներդրումները տարիների ընթացքում բազմակի անգամ աճել են:





























