Հայաստանյան պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում չէր կարող խոչընդոտել վեհաժողովի նախագահի պաշտոնում Մեվլութ Չավուշօղլուի ընտրությանը, ուստի չի միացել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությանը, որն ուղղված էր թուրք նախագահի ընտրության դեմ: Այդ մասին փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Ընդ որում, Հարությունյանը ներկայացրել է նախագահի ընտրության ընթացակարգը եւ հայտնել, որ 2010թ. նախագահի պաշտոնում պետք է ընտրվեր EDJ՝ «եվրոպական դեմոկրատների» ներկայացուցիչը, որն էլ դարձել է Չավուշօղլուն: Ավելին, Հարությունյանն ընդունեց, որ EDJ-ում միջանկյալ քվերակության ժամանակ Չավուշօղլուն վերջին պահին իր կողմնակիցներով է համալրել քաղաքական խումբը, սակայն, մեր պատվիրակությունը ի վիճակի չէր խոչընդոտել դրան:
Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը մեղադրել էր իշխանական կոալիցիային եւ ՀՅ Դաշնակցությանը, որ վերջիններս հրաժարվել են միանալ իր նախաձեռնությանը, իսկ հետո էլ խոսում են Չավուշօղլուի կողմից անթույլատրելի՝ հակահայ հայտարարությունների մասին:
Ըստ Հարությունյանի՝ իրենք չեն միացել Փոստանջյանի նախաձեռնությանը, քանի որ ժամանակային առումով այն բավական ուշ էր ներկայացված եւ անգամ միանալու դեպքում հնարավոր չէր խոչընդոտել թուրքի ընտրությունը:
Հարությունյանը, սակայն, այդպես էլ հոդաբաշխ կերպով չբացատրեց, թե ինչու այդ դեպքում իրենք ժամանակից շուտ հանդես չեն եկել Չավուշօղլուի ընտրության դեմ՝ հիմնավորելով, որ նա անկողմնակալ լինել չի կարող:




























