ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 500 հազարական դրամով տուգանել է «ԱրմՖարմ» «Ֆարմ Գոհար», «Դեղաբազա Երեւան» եւ «Ալեքս Գրիգ» ընկերություններին՝ Հանձնաժողովի պահանջած տեղեկատվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու համար:

Հանձնաժողովի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին երեքը դեղորայքի շուկայում գործող ընկերություններ են, որոնց կողմից տեղեկատվության չտրամադրումը կամ ուշացնելը խոչընդոտել է դեղերի շուկայում հակամրցակցային համաձայնության կասկածանքով հարուցված վարույթի աշխատանքներին: Նրանց տրամադրած տեղեկատվությունն այժմ ուսումնասիրության ընթացքում է, եւ հակամրցակցային համաձայնությանը մասնակից լինելու հանգամանքը պարզվում է:

Վերջին ընկերությունը, չնայած լայն սպառման շուկաներում գործող ընկերություններին նախաամանորյա շրջանում տրված հանձնարարությանը, որ գների ցանկացած բարձրացման դեպքում երկօրյա ժամկետում Հանձնաժողովին հիմնավորումներ ներկայացնեն, սահմանված ժամկետում տեղեկատվություն չի ներկայացրել: Ավելի ուշ Հանձնաժողովի անցկացրած մոնիտորինգն է պարզել, որ նորզելանդական կարագի գինը բարձրացել է: Անհրաժեշտ հիմնավորումները ներկայացված են: Նշենք, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը պատկանում է պատգամավոր Սամվել Ալեքսանյանին եւ առաջին անգամ չէ, որ նման պատժի է արժանանում: