Սպորտի աշխարհում մինչ օրս էլ բուռն քննարկումներ է գնում այն հարցի շուրջ, թե ով է բոլոր ժամանակների եւ ժողովուրդների լավագույն ֆուտբոլիստը։ Թեեւ կարծիքներն ու ճաշակները շատ հաճախ բախվել են իրար, բայց միշտ էլ խոսքը եղել է խաղացողների մի փոքր շրջանակի մասին, որի մեջ էին մտնում Պելեն, Ալֆրեդո դի Ստեֆանոն, Գարինչան, Էյսեբիոն, Բոբի Չարլթոնը, Ֆրանց Բեկենբաուերը, Յոհան Կրուիֆֆը,Էդուարդ Ստրելցովը եւ այլք։ Բայց երբ ֆուտբոլային երկնակամարում հայտնվեց նաեւ բացառիկ տաղանդ ունեցող Դիեգո Մարադոնան, քննարկումներն արդեն միայն նրա եւ Պելեի շուրջն էին, ինչն էլ նրանց միջեւ անհաշտելի հակասություն առաջացրեց։ Վերջերս Արգենտինայի հավաքականի նախկին մարզիչ Դիեգո Մարադոնան հայտարարեց իր կարծիքով լավագույն տասը ֆուտբոլիստների անունները եւ իր կարծիքը նրանց մասին: Նշենք, որ ցանկում չկա իր անունը։

1. Պելե (Բրազիլիա). Որպես խաղացող նա ամենալավն էր։ Ես երբեք ինձ չեմ համեմատել նրա հետ։ Մենք մտերմիկ հարաբերությունների մեջ չենք եղել։

2. Յոհան Կրուիֆ (Հոլանդիա). Ես տեսել եմ նրան իր կարիերայի մայրամուտին, բայց այդ ժամանակ էլ անկրկնելի էր խաղում։ Նա բոլորին գերազանցում էր եւ արագությամբ, եւ ֆիզիկապես, եւ հոգեբանորեն։ Նրա տեսադաշտի ընկալման կարողությունը տպավորիչ էր։

3. Միշել Պլատինի (Ֆրանսիա). Պլատինիին կարելի է բնութագրել մեկ բառով ֆենոմեն։ Ինձ թվում էր, որ նա ֆուտբոլից հաճույք է ստանում, բայց շատ սառն էր։

4. Զիկո(Բրազիլիա). Կրում էր 10 համարի շապիկը, որը պատկանում էր Պելեին։ Պետք է ասել, որ կարողացավ արդարացնել իրեն այդ մարզաշապիկով։ Մեծ հեղինակություն էր վայելում։

5. Էնցո Ֆրանչեսկոլի (Ուրուգվայ). Ֆրանչեսկոլիին պետք չէր աշխարհի չեմպիոն դառնալ, որպեսզի կանգներ չեմպիոնի հարթակին։ Նա ոչ ոքի չի նախանձում։

6. Ռոբերտո Բաջիո (Իտալիա). Աստվածային խաղացող, ահա, թե ինչպես են նրան անվանել։ Մեծ խաղացող էր։

7. Փոլ Գայսկոն (Անգլիա). Երիտասարդ տարիքում նման էր մեծ խաղացողի եւ իր լավագույն ժամանակներում հենց այդպիսին էր, սակայն չկարողացավ երկար պահպանել այդ կարգավիճակը։

8. Զինեդին Զիդան (Ֆրանսիա). Խաղադաշտը տեսնելու աներեւակայելի կարողություն ուներ, բայց նրան չէր ուրախացնում խաղը։

9. Ալեսանդրո Դել Պիերո (Իտալիա). Զիդանի հակապատկերն է։ Նրան դուր է գալիս խաղալ։ Նա խաղը զգում է հոգում։

10. Միքայել Լաուդրուպ (Դանիա). 1986թվականի աշխարհի առաջնության այն մարզիկներից էր, որ ինձ շատ դուր էր գալիս։