ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին է ներկայացրել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն 3,8տրիլիոն դոլարի չափով։ Ըստ բյուջեի նախագծի հաստատված ֆինանսական տարում նախատեսվում է 2011թ. Հայաստանին հատկացնել 40 մլն դոլար օգնություն, հաղորդում է Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA): Դա 10 միլիոնով ավելին է, քան նախատեսված էր Հայաստանին 2010թ., սակայն 1 միլիոնով պակաս Կոնգրեսի հաստատածից:
«Մենք ողջունում ենք Օբամայի որոշումը՝ մեծացնել ֆինանսական օգնությունը Հայաստանին 10 միլիոնով, նաեւ որոշումը՝ պահպանել հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանին զինված ուժերին վերաբերող հարցերում»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Նշենք, որ զինված ուժերի ֆինանսավորման համար նախատեսված ԱՄՆ օգնությունը նախատեսում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսինքն ամեն երկրին տրվելու է 3,5 մլն դոլար: Նշենք, որ նախորդ տարիներին Սպիտակ տունը փորձում էր խախտել հավասարակշռությունը՝ հօգուտ Ադրբեջանի, սակայն բախվում էր Կոնգրեսի անհամաձայնության հետ:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ նախագահը նախատեսում է Եվրոպայի եւ Ասիայի երկրներին տրամադրել 599 մլն 164 հազար դոլար, ինչը 11 մլն 818 հազարով պակաս է, քան նախորդ տարի:




























