Այսօր՝ փետրվարի 2-ին, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ԵՄ խորհրդարանական խմբում երիտասարդ հայ մասնագետների ընդունման համաձայնագիր ստորագրեցին։

Ծրագիրը թույլ է տալիս ՀՀ բուհերի գերազանց առաջադիմություն ցուցաբերած երիտասարդ շրջանավարտներին սերտորեն համագործակցել ԵՄ փորձագետների հետ գործունեության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առեւտուրը, մաքսային համակարգը, մարդու իրավունքները եւ այլն։

ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով ծրագրի մեկնարկին, հույս հայտնեց, որ դրանում կընդգրկվեն բացառապես լավագույնները. «Մի քանի տարի անց արդեն կունենաք երիտասարդների մի „հոծ բանակ“, որն իր փորձը կներդնի ի նպաստ երկրի զարգացման»,- նշեց նա։ Արթուր Բաղդասարյանը չմոռացավ նաեւ հիշեցնել, որ ընտրված մասնագետները կընդունվեն մեկ տարի ժամկետով եւ այդ ընթացքում կվարձատրվեն։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերն էլ իր հերթին հույս հայտնեց, որ ծրագիրը հնարավորություն կտա հայ երիտասարդներին ԵՄ փորձագետների եւ խորհրդականների հետ աշխատանքում ձեռք բերած փորձը հետագայում «կուտակել Հայաստանում» եւ առավելություններ ունենալ աշխատանքային շուկայում։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան էլ նկատեց, որ «ՄԱԿ-ն իր հերթին կանի ամեն բան, որպեսզի հնարավորինս նպաստի ծրագրի զարգացմանը»։