ԱՄՆ նախագահի աշխատակազմը Սպիտակ Տան կայքից հանել է ռուսական ընդդիմության Համակարգող խորհրդի փակման վերաբերյալ խնդրագիրը։

Դեկտեմբերի 25-ին ԱՄՆ Սպիտակ Տան կայքում խնդրագիր էր հայտնվել, որում կոչ էր արվում ԱՄՆ վարչակազմին փակել ռուսական ընդդիմության Համակարգող խորհուրդը, քանի որ այն «ամերիկացի հարկատուներից շատ գումար է խլում՝ առանց դրական արդյունքների»։ Փաստաթղթի հեղինակ էր նշված Մարկ Ֆեյգինը, գրում է «Ռոսբալթ»-ը։

Ի դեպ, ավելի վաղ Pussy Riot փանք խմբի փաստաբան Մարկ Ֆեյգինը ժխտել է իր մասնակցությունը խնդրագրին։ «Ես ոչ մի խնդրագիր չեմ գրել։ Ես նույնիսկ մի քիչ սիրում եմ ռուսական Համակարգող խորհուրդը»,- իրադրությունը այսպես է պարզաբանել փաստաբանն իր միկրոբլոգում։ Նա նաեւ հայտնել է , որ արդեն գրություն է ուղարկել ԱՄՆ Սպիտակ Տուն՝ խնդրանքով, որ հանեն «հակաընդդիմական» խնդրագիրը վարչության կայքից, գրում է ՌԲԿ-ն։

Միաժամանակ, ավելի վաղ ԱՄՆ Սպիտակ Տան կայքում «Մագնիտսկիի ցուցակի» տարածման վերաբերյալ խնդրագիր էր տեղադրվել։ Առաջարկվել էր սեւ ցուցակ մտցնել Պետդումայի՝ «Դիմա Յակովլեւի օրենքն» ընդունած պատգամավորներին, որով ԱՄՆ քաղաքացիներին արգելվում էր որդեգրել ռուս երեխաներին։ Օրերի ընթացքում այս առաջարկի օգտին քվեարկել է ավելի քան 20 հազար մարդ։ Ամերկացիներն առաջարկել են, որ «Մագնիտսկիի ցուցակ»-ի մեջ մտցվի նաեւ Վլադիմիր Պուտինը։ Այս խնդրագիրն եւս ջնջվել է Սպիտակ տան կայքից։