Ամերիկուհի Ջուլի Քեյֆը, ով ինտերնետ-խանութից Հելոուինի համար խաղալիքներ է պատվիրել, անակնկալով ծանրոց է ստացել: Տուփի մեջ չինացի քաղբանտարկյալների անունից նամակ է եղել, որոնք, իբր, հուշանվերների պատվերներ են արել: «Եթե դուք պատահաբար գնել եք այս ապրանքը, խնդրում եմ, այս նամակն ուղարկեք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: «Այստեղ Չինաստանի Կոմկուսի կողմից հետապնդվող հազարավոր մարդիկ կան, որոնք շնորհակալ կլինեն եւ միշտ կհիշեն Ձեզ»,-ասված է գրության մեջ:

Նամակում նշվում է նաեւ, որ այն գրվել է Շենյան քաղաքի աշխատանքային ճամբարից, գրում է NEWSru.com-ը:

Այնուհետեւ նամակում ընդգծվում է, որ մարդիկ այնտեղ աշխատում են օրական 15 ժամ՝ առանց հանգստյան եւ տոն օրերի եւ դրա համար իրենց գրեթե չեն վճարում: Շատ բանտարկյալներ Ֆալունգուն ուղղության հետեւորդներ են, նրանց բոլորից խիստ են պատժում, քանի որ նրանք «այն հավատին չեն, որը դավանում է Չինաստանի Կոմկուսը»: Միաժամանակ, նամակը գրված է գրեթե անսխալ անգլերենով, թեեւ կան նաեւ չինական հիերոգլիֆներ:

Ջուլի Քեյֆը դիմել է իրավապաշտպաններին: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության չինական բաժանմունքի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը հայտարարել է, որ իրենք հնարավորություն չունեն ստուգել նամակի ծագումը, սակայն նամակում շարադրված պայմանները համապատասխանում են իրենց ունեցած տվյալներին: Նա նաեւ նշել է, որ իր կազմակերպությունը չի կարող անտեսել այս դեպքը:

Ինտերնետ-խանութը նույնպես հայտարարել է, որ տեղի ունեցածը պետք է մանրամասն ուսումնասիրել: Չինաստանում ԱՄՆ ներկայացուցիչները խոստացել են ի գիտություն ընդունել ամերիկուհու ներկայացրած պատմությունը: