Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաեւը դեկտեմբերի 27-ին հյուսիսղազախական տարածաշրջանի վարչական կենտրոնի՝ Շիմքենդի մերձակայքում Ան-72 օդանավի վթարի 27 զոհերի հիշատակին ազգային սուգ է հայտարարել, հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել նախօրեին. Ռեակտիվ Ան-72 օդանավը, որով հանրապետության սահմանապահ ծառայության ղեկավարները Աստանայից ուղեւորվում էին Շիմքենդ, նշանակված օդանավակայանում վայրէջք կատարելիս պայթել է։ Ռազմական օդանավում եղել է 27 մարդ՝ անձնակազմի 7 անդամներ եւ 20 սպա։ Նրանք բոլորն էլ զոհվել են, այդ թվում նաեւ Ղազախստանի սահմանապահ ծառայության ղեկավար Տուրգանբեկ Ստամբեկովն ու նրա կինը։ Ականատեսների վկայությամբ՝ վայրէջքի պահին օդանավը պայթել է, նրանից մնացել են միայն բեկորներ։
Ողբերգության պատճառները դեռ չեն բացահայտվել։ Հայտնի է, որ Արտակարգ պատահարի ժամանակ եղանակային պայմանները խրթին էին, սկայն չի կարելի պնդել, որ ճակատագրական դերը խաղացել են ձնաբուքն ու վատ տեսանելիությունը, հաղորդում է ՆՏՎ-ն։
«ՌԻԱ նովոստին» հաղորդում է, որ հայտնաբերվել են «սեւ արկղերը», եւ վթարի պատճառների երկու վարկած կա՝ եղանակային պայմաններն ու մարդկային գործոնը։





























