Ճապոնիայի նոր վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է նոր կառավարության կազմը: Նա առանցքային պաշտոններում նշանակել է Ազատական-ժողովրդավարական կուսակցության իր մերձավորներին եւ հայտնի քաղաքական գործիչների:
Այսպես, նախկին վարչապետ Տարո Ասոն նշանակվել է ֆինանսների նախարար: Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախկին նախարար Ակիրա Ամարին դարձել է տնտեսական վերականգնման նախարար: Հայտնի քաղաքական գործիչ Տոսիմիձու Մոտեգին նշանակվել է Էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար, Յոսիհիդե Սուգան դարձել է կառավարության գլխավոր քարտուղար: Պաշտպանության նախարարի պաշտոնը բաժին է հասել ԱԳ նախկին փոխնախարար Իցունորի Օնոդերային:
ԱԳ նախարար է նշանակվել 55-ամյա Ֆումիո Կիսիդան, ով 2006-2007-ին զբաղեցրել է Օկինավայի հարցերով պետնախարարի պաշտոնը:





























