«Թիվ մեկ թիրախը» ֆիլմը, որը նվիրված  է «Ալ Կաիդայի» ղեկավար Ուսամա բեն Լադենի ոչնչացմանը, կարող է  «բորբոքել» արաբական աշխարհը: Նման տեսակետ է արտահայտել մեդիամագնատ Ռուպերտ Մերդոքն իր Twitter-ում:

Մեդիմագնատը նաեւ նշել է, որ ֆիլմում ցուցադրված տանջանքների քննարկմանը պետք է մասնակցեն բոլոր շահագրգիռ կողմերը, սակայն դա տեղի չի ունենում: Պարզ չէ՝  Մերդոքը նկատի ուներ  նաեւ ահաբեկչության մեջ կասկածվողների՞ն, թե՞ ոչ, նշում է lenta.ru-ն:

«Թիվ մեկ թիրախը» ֆիլմն ԱՄՆ-ի վարձույթում է հայտնվել դեկտեմբերի 19-ին: Այնտեղ  եզրահանգում է արվում, որ   հենց ենթադրյալ  ահաբեկիչների կտտանքներն են օգնել իմանալ բեն Լադենի գտնվելու վայրի մասին: Նման տեսակետի քննադատությամբ արդեն հանդես են եկել  ամերիկացի մի շարք հայտնի քաղաքական գործիչներ, մասնավորապես` հանրապետական սենատոր Ջոն ՄըքՔեյնը եւ դեմոկրատ Դայան Ֆայնսթայնը, որն զբաղեցնում է Սենատում հետախուզական հանձնաժողովի նախագահի պաշտոնը: