Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, որն ապաքինման կուրս է անցնում Կուբայում, իր լիազորությունների մի մասը փոխանցել է փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին: Հրամանը ստորագրվել է դեկտեմբերի 26-ին:  

Հիշեցնենք, որ Հավանա մեկնելուց առաջ, որտեղ նախագահը չորրորդ  անգամ վիրահատվել էր, Ուգո Չավեսը փոխնախագահ Նիկոլաս Մադուրոյին անվանել էր  «պետության ղեկավարի պաշտոնին արժանի մարդ, եթե հանկարծ իր հետ որեւէ բան պատահի»: Նա համաքաղաքացիներին կոչ էր արել նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն ծագելու դեպքում Մադուրոյին ընտրել պետության ղեկավար: 

Մադուրոն դեկտեմբերի 26-ին Ֆալկոն նահանգ այցի ժամանակ հայտարարել էր, որ «Ուգո Չավեսը եռանդով պայքարում է»: Նա հայտնել էր, որ Բոլիվարյան հեղափոխության առաջնորդն սկսել է քայլել հիվանդասենյակում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Այս պահին Վենեսուելայի առաջնորդը Կուբայում հետվիրահատական ապաքինման կուրս է անցնում: