Հնդկաստանի մայրաքաղաքում խմբակային բռնաբարության հերթական դեպքն է տեղի ունեցել. երեք տղամարդ մեքենայի սրահում բռնաբարել են Դելիի 42-ամյա բնակչուհուն եւ փողոց նետել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երկրում դեռեւս չեն հանդարտվել բողոքի ակցիաները՝ կապված ավտոբուսում ուսանողուհու բռնաբարության դեպքի հետ:
Ոստիկանության տվյալներով՝ կինը (ծնունդով Ջայփուր քաղաքից) դեկտեմբերի 26-ին տուն էր վերադառնում Վրինդավանա քաղաքից, երբ Վերմա անունով տղամարդը նրան առաջարկել է տեղ հասցնել իր մեքենայով: Ճանապարհին նրանց են միացել վարորդի երկու ծանոթները: Տուժածի խոսքով՝ նրանք կապել են իր բերանը եւ հերթով բռնաբարել, որից հետո դուրս են նետել մեքենայից՝ Դելիի հարավ-արեւելքում: Բժշկական փորձաքննությունը հաստատել է բռնաբարության փաստը: Ներկայումս կինը գտնվում է հիվանդանոցում: Վերման ձերբակալվել է, ոստիկանությունը փնտրում է նրա հանցակիցներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին, Հնդկաստանում 23-ամյա ուսանողուհուն դաժանաբար բռնաբարել էին հենց ավտոբուսում՝ սիրած տղայի եւ վարորդի աչքի առաջ։ Բժշկական բուհում սովորող 23-ամյա ուսանողուհին ու նրա երիտասարդ ընկերը դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան վերադառնում էին կինոյից։ Զույգը կանգնեցրել է մասնավոր ավտոբուս։ Նրա վարորդը համաձայնվել է տանել նրանց։ Այն փաստը, որ մեքենայի սրահում գտնվում էին նաեւ կասկածելի տեսքով մի քանի ուղեւորներ, չի շփոթեցրել սիրահարներին, հաղորդում է BBC News-ը։
Ուղեւրվելուց կարճ ժամանակ անց նրանք սկսել են անպարկեշտ խոսել, իսկ երբ երիտասարդ ընկերը նկատողություն է արել, նրանք իրենց սկսել են ագրեսիվ պահել։
Մինչ երկու չարագործներ բռնել էին տղային՝ մնացածները հերթով բռնաբարում էին նրա ընկերուհուն։ Հետո նրանք դուրս են շպրտել զույգին մեքենայից՝ արագ ընթացքի ժամանակ։ Գետնին ընկնելուց հատկապես վնասվել է աղջիկը։ Շարժվելու ուժ չունեցող երիտասարդներին հայտնաբերել են մասնավոր պահակային պարեկները։
Ապագա ֆիզոթերապեւտ աղջկա մոտ ախտորոշվել են սեռական օրգանների լուրջ վնասվածքներ, բազմաթիվ կոտրվածքներ եւ բութ գործիքով գլխի հատվածում հարվածից ստացած գանգուղեղային վնասվածք։ Նա ճգնաժամային վիճակում է գտնվում։
Ուսանողուհուն այսօր՝ դեկտեմբերի 27-ի գիշերը, բուժման նպատակով ուղարկել են Սինգապուրի հիվանդանոցներից մեկը, որը մասնագիտացած է ներքին օրգանների փոխպատվաստման ոլորտում: Աղջկա ծնողները նրա հետ են: Ուսանողուհին արդեն երեք վիրահատություն է տարել, ավելի վաղ բժիշկները փտախտի վտանգի պատճառով ստիպված են եղել հեռացնել նրա ստամոքսի մի մասը: Աղջկա գիտակցությունը տեղն է, բայց նրան դեռեւս արհեստական շնչառության սարք է միացված:
Տեղական ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ իրավապահ մարմիններին հաջողվել է ձերբակալել վարորդին եւ բռնաբարողների մի մասին՝ վարորդի եղբորը եւ հավաքարարին։ Վերջիվերջո քննիչները պարզել են, որ ավտոբուսում գտնվել են 6 չարագործներ։ Եւս երեք հոգի փնտրվում են, կազմվել են նրանց ուրվանկարները։
Այս դեպքից հետո բողոքի ակցիաներ են սկսվել: Մարդիկ պահանջել են ոչ միայն մահապատժի դատապարտել մեղավորներին, այլեւ միջոցներ ձեռնարկել կանանց պաշտպանելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 23-ին, զանգվածային բախումների հետեւանքով տուժել 140 մարդ: Դեկտեմբերի 25-ին, հիվանդանոցում մահացել է ցուցարարների կողմից ծեծի ենթարկված ոստիկանը:
Հնդկաստանի ոստիկանությունն արգելել է մայրաքաղաք Դելիի կենտրոնում ցույցերն ընդդեմ 23-ամյա ուսանողուհու խմբակային բռնաբարություն հեղինակների: Ոստիկանությունը ցուցարարներին առաջարկել է ցույցեր կազմակերպել քաղաքի այլ հատվածներում:





























