Բուենոս-Այրեսի կենդանաբանական այգում վաղ առավոտյան վախճանվել է Վիններ անունով միակ սպիտակ արջը: Արկտիկական գիշատչի մահվան պատճառը արտասովոր տապն ու սուրբծննդյան հրավառությունների խլացնող աղմուկն են եղել, որից արջի նյարդային համակարգը շարքից դուրս է եկել:

The Buenos Aires Herald-ը հայտնում է, որ սպիտակ 14-ամյա որձ արջին Բուենոս-Այրես են տեղափոխել Սանտյագոյից (Չիլի), այն կենդանաբանական այգու խարհրդանիշն ու հպարտությունն էր: Վինների մահվան մասին հաղորդագրությունում նշված է, որ նա աշխատակիցների ու այցելուների սիրելին էր:

Դիահերձումը ցույց է տվել, որ արջի մահվան պատճառը հիպերթերմիան՝   գերտաքացումն է եղել: Վերջին օրերին Բուենոս-Այրեսում ջերմաստիճանը քառասունի էր հասնում, իսկ ջերմաստիճանի կտրուկ տատանումները՝ 20 աստիճանի:

Կենդանաբանական այգու մամուլի հաղորդագրությունում ասվում է, որ արջը «նյարդային խառնվածք ուներ» եւ նրա վրա ազդել է Սուրբ ծննդի հրավառությունների խլացնող աղմուկը, գրում է NEWSru.com-ը:

Վինների մահվան բոթը մեկ ժամում Հարավային Ամերիկայի ամենատարածված նորությունն է դարձել Facebook սոցցանցում: