Այսօր` դեկտեմբերի 27-ին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է Ալժիրի Հանրապետության անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության եւ անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:

ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, թե Արթուր Բաղդասարյանի եւ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-ալժիրյան երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է որ պատվիրակության այցելությունը հնարավորություն կընձեռի հայ-ալժիրյան հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու համար. «Այցը մի քանի հնարավորություն կտա: Նախ մշտական կոնսուլտացիաներ կիրականացնենք Հայաստանի եւ Ալժիրի միջեւ անվտանգության ոլորտի, տարածաշրջանային համագործակցության եւ միջազգային կառույցներում փոխգործակցության ուղղությամբ: Երկրորդ,  համագործակցություն կհաստատենք ՀՀ եւ Ալժիրի ուժային կառույցների միջեւ: Եվ երրորդը, համագործակցություն կհաստատենք երկու երկրների զինված ուժերի միջեւ պաշտպանության ոլորտում: Հայաստանն ունի զարգացող ռազմական արդյունաբերության համակարգ եւ այս ոլորտում մենք կարող ենք Ալժիրի հետ արդյունավետ համագործակցել: Մենք ակտիվ պայքարում ենք թրաֆիքինգի, թմրամոլության, ահաբեկչության եւ կիբերահաբեկչության դեմ, հետեւաբար այս ոլորտներում նույնպես կան համագործակցության լայն հնարավորություններ»:

Կողմերը քննարկել են նաեւ տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր: Արթուր Բաղդասարյանը նշել է որ թեեւ Հայաստանի եւ Ալժիրի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները շատ ցածր մակարդակի վրա են, սակայն կան անհրաժեշտ բոլոր նախադրյալները դրանց ծավալները մեծացնելու համար: «Ալժիրը բարեկամ երկիր է Հայաստանի համար, պարզապես երկու երկրների միջեւ չկան անհրաժեշտ կապեր, եւ ես հուսով եմ, որ այս այցելությունը խթան կհանդիսանա մեր երկրների միջեւ երկկողմ եւ բազմակողմ կապերն ամրապնդելու, համագործակցելու արտաքին քաղաքականության մի շարք ոլորտներում, այն դեպքում, երբ բազմաթիվ հարցերում Հայաստանի եւ Ալժիրի պաշտոնական տեսակետները համընկնում են»,- ընդգծել է Արթուր Բաղդասարյանը:

Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայը նախ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ապա նշել, որ Ալժիրի Հանրապետությունը պատրաստակամ է Հայաստանի Հանրապետության հետ խորացնելու համագործակցությունը. «Այցս Հայաստան տեղի է ունենում Ալժիրի Նախագահի հրահանգով, եւ ուզում եմ վստահություն հայտնել, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ամուր հիմք կհանդիսանան հայ-ալժիրյան հարաբերությունները բազմաթիվ ոլորտներում զարգացնելու համար: Հետագա համագործակցությունը խորացնելու համար, իսկապես պետք է քաղաքական երկխոսություն սկսել, կոնսուլտացիաների մեխանիզմ եւ համագործակցության ճանապարհային քարտեզ ներդնել, որը կարեւոր դեր կունենա ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»:

Հանդիպման ավարտին Արթուր Բաղդասարյանն Ալժիրի համապատասխան պաշտոնյաներին հրավիրել է Հայաստան, որտեղ 2013թ.-ին կկազմակերպվի եւ կանցկացվի «Կանալ-Կավկազ» միջազգային հակաթմրանյութային գործողությունը, որի Միջազգային համակարգող շտաբը տեղակայվելու է Երեւանում:

Վաղը Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակության այցի արդյունքներով կստորագրվի համապատասխան արձանագրություն: