Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահի անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել սերտ համագործակցություն հաստատել երկու երկրների անվտանգության ոլորտի տարբեր կառույցների, այդ թվում` պաշտպանական գերատեսչությունների միջեւ, միջազգային գործընթացների հետ համահունչ քայլելու եւ  դրանց համարժեք արձագանքելու նպատակով:

Որպես համագործակցության առաջին քայլ` պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչների միջեւ փոխադարձ շփումների վերաբերյալ` համագործակցության ոլորտները նախանաշելու եւ համապատասխան գործակցություն սկսելու համար: