Եգիպտոսի գլխավոր դատախազը հրահանգել է, որպեսզի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին Կահիրեի «Տորա» բանտից տեղափոխեն հիվանդանոց՝ առողջության վատթարացման պատճառով:
Ավելի վաղ եգիպտական լրատվամիջոցները հայտնել էին, որ 84-ամյա Մուբարաքը հիվանդության եւ անբավարար բժշկական խնամքի պատճառով բավական նիհարել է, որի հետեւանքով էլ ավելի է վատացել նրա առողջական վիճակը:
Նա ավելի վաղ լոգարանում վայր էր ընկել եւ վնասել գլուխը: Դրանից հետո Մուբարաքին տեղափոխել էին Մաադիի բանակային հիվանդանոց: Նրան այնտեղ բժիշկները հետազոտել էին եւ նա նարոից վերադարձել էր բանտ: Բժիշկների զեկույցի համաձայն՝ նախկին նախագահի մոտ, մասնավորապես, ճաքեր կան կողերի վրա, վնասված են թոքերը, նաեւ նկատվում է օսթեոպորոզ (ոսկրերի փխրունություն), հաղորդում է «Ռոսիսյսկայա գազետան»:
Մուբարաքը հիվանդանոցում կմնա միայն ժամանակավորապես: Առողջական վիճակի բարելավումից հետո նրան կրկին բանտ կտանեն:
Հիշեցնենք, որ Մուբարաքը Եգիպտոսը ղեկավարել է 30 տարի, իսկ 2011-ի փետրվարին ժողովրդական հզոր ալիքի ճնշման տակ հրաժարական է տվել: Այս տարվա հունիսին Կահիրեյի դատարանը նրան դատապարտել է ցմահ ազատազրկման:





























