ԱՄՆ-ի Յուտա նահանգում ավելի քան 150 ուսուցիչ եւ դպրոցների այլ աշխատակիցներ ձմեռային արձակուրդների ընթացքում հաճախել են գաղտնի զենք կրելու անվճար դասընթացների, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Associated Press-ը հստակեցնում է, որ դեկտեմբերի 27-ին Յուտայում տեղի ունեցած վեցժամյա պարապմունքներին հաճախել է 200 մարդ:
«Սենդի Հուկ» դպրոցի դեպքերից հետո սկսված ծրագիրը տասն անգամ ավելի շատ մասնակիցների է ընդգրկել: Ըստ Յուտայի հրաձգային սպորտի խորհրդի ղեկավար Քլարք Ապոշիանայի` Կոնեկտիկուտի դեպքերից հետո դպրոցի աշխատակիցներն իրենց «միանգամայն անօգնական» են զգում, գրում է lenta.ru-ն:
Դասընթացների ընթացքում հիմնական ուշադրություն է դարձվել պաշտպանության եւ գաղտնի զենք կրելու հիմունքներին: Տվյալ պահին Յուտան եւ Կանզասը միակ նահանգներն են, որտեղ թույլատրվում է դպրոցներում գաղտնի զենք կրելը: Արիզոնայի իշխանությունները նույնպես քննարկում են ուսուցիչներին զենք կրելու թույլտվություն տրամադրելու հարցը:
Նյութաունում երեխաների զանգվածային սպանությունից հետո ԱՄՆ-ում նոր թափով սկսվել է զենքի վերահսկման եւ երեխաների անվտանգության հետ կապված հարցերի քննարկումը:
Դեկտեմբերի 26-ին հայտնի էր դարձել Օհայո նահանգում ուսուցիչների հրաձգության դասընթացներ անցկացնելու մասին: Նման նախաձեռնությամբ հանդես էր եկել նահանգի Հրազենի ասոցիացիան:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կողմ էր արտահայտվել գրոհային զենքի արգելքին եւ այլ սահմանափակումների։





























