ԱՄՆ-ի իշխանությունները փակել են դեսպանատունը Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության մայրաքաղաք Բանգիում: Նման որոշման պատճառը «աշխատակիցների անվտանգության համար մտավախությունն է»:
Դեսպանատան շուրջ 40 աշխատակից ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով տարհանվել են շենքից եւ տեղափոխվել Քենիա: ԿԱՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Լոուրենս Վոլերսը այնտեղ գտնվող մի քանի այլ ամերիկացիների հետ լքել է երկիրը: Ավելի վաղ ԱՄՆ-ն իր բոլոր քաղաքացիներին կոչ էր արել լքել ԿԱՀ-ի տարածքը:
Ընդ որում, Պետդեպում հայտնել են, թե դա դիվանագիտական հարաբերությունների խզում չի նշանակում, ընդամենն իրենց աշխատակիցների անվտանգության համար անհանգստություն է, հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպի մամուլի ծառայության պետի պաշտոնակատար Պատրիկ Վենթրելը, հայտնում է «Գոլոս Ռոսիին»:
Գործող նախագահ Ֆրանսուա Բոզիզեին տապալել ձգտող ապստամբները վերջին շաբաթներին ԿԱՀ-ի հյուսիսում մի քանի քաղաքներ են գրավել: Ըստ որոշ տվյալների` նրանք շարժվում են դեպի մայրաքաղաք: Ավելի վաղ, վախենալով ապստամբների ներխուժումից, իր անձնակազմին դուրս բերելու մասին հայտարարել էր ՄԱԿ-ը:




























