ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք. նրա վիճակը չի կարգավորվել:
«Այսօրվա դրությամբ վիճակը չի կարգավորվել… Նա գտնվում է Հյուսթոնի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում… Ինչ որ իմաստով, նորություն չլինելն էլ է լավ նորություն», - հայտարարել է Բուշ ավագի ներկայացուցիչ Ջիմ Մաքգրատը, հայտնում է «ԱիՖ»-ը: Բժիշկները նախկին նախագահին բուժման հատուկ կուրս եւ սննդակարգ են նշանակել:
Նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին` բրոնխիտի պատճառով: Բժիշկները մտադիր էին Բուշ ավագին դուրս գրել դեկտեմբերի սկզբին, սակայն նրա առողջական վիճակը շատ դանդաղ էր կարգավորվում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա Սուրբ ծնունդը դիմավորել է հիվանդասենյակում` ընտանիքի հետ:
88-ամյա քաղաքական գործիչը հիվանդ է նաեւ Պարկինսոնի հիվանդության տեսակներից մեկով: Բացի այդ, հաճախ է հիվանդանում թոքային եւ շնչառական հիվանդություններով: Այժմ նա ի վիճակի է տեղաշարժվել միայն հաշմանդամի սայլակով:




























