Հայաստանի բնապահպանության նախարարությունը փետրվարի 2-ին հաղորդագրություն է տարածել՝ նկատելով, որ ադրբեջանական մամուլի տարածած այն տեղեկությունը, թե Հայաստանն աղտոտում է Քուր եւ Արաքս գետերը պղնձի միացություններով եւ ֆենոլով, չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնեցին, որ 2009թ.-ի մոնիթորինգային տվյալների միջին տարեկան արժեքների համեմատությունից պարզվել է, որ պղնձի կոնցենտրացիաների արժեքները Արաքս գետի հայ-թուրքական սահմանի գոտում, Նախիջեւանից հայ-իրանական սահման մուտք գործելու գոտում եւ հայ-իրանական սահմանից դուրս գալու գոտում ունեն մոտ մեծություններ, իսկ Արաքս գետի ՀՀ սահմանային տարածքում գտնվող բոլոր ութ մոնիթորինգային դիտակետերում պղնձի կոնցենտրացիաների արժեքները 2009թ.-ին եւ 2010թ.-ի հունվարին գտնվել են կոմունալ-կենցաղային օգտագործման ջրերի սահմանային թույլատրելի նորմաների սահմաններում:
«Ադրբեջանական կողմը ֆենոլների դեպքում նույնպես, ինչպես պղնձի դեպքում, իր համար սահմանել է անիմաստ ցածր ազգային թույլատրելի նորմեր եւ հայտարարում է, թե վերին հոսանքներում գետերի ջրերը կեղտոտվում են»,- նշել են ՀՀ ԲՆ պատասխանատուներն ու նշել, որ, այնուհանդերձ, ներկայումս ՀՀ մակերեւութային ջրերում ֆենոլների մոնիթորինգը վերսկսման գործընթացում է, եւ առաջիկա ամիսներին կստացվեն առաջին տվյալները:
Միայն հետազոտությունների արդյունքները ցույց կտան գետավազանի իրական վիճակը, կբացահայտվեն իրական ճնշման գործոնները, ինչը թույլ կտա մշակել ջրերի որակի կառավարման կամ բարելավման ծրագրեր: «Այս ամենն իմանալով հանդերձ՝ ադրբեջանական կողմը քաղաքական նպատակներ հետապնդելով` որերորդ անգամ հանդես է գալիս գիտական լուրջ հիմնավորումներից զուրկ, մերկապարանոց հայտարարարություններով: Իսկ դրանց արդյունքում դեռեւս ոչ մի գետի ջուր չի մաքրվել եւ էկոլոգիական վիճակ չի բարելավվել»,- ասված է հաղորդագրության մեջ:




























