Եթե ընդունվեին Մադրիդյան սկզբունքները, կարելի էր կարծել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կողմերը մոտ են փոխզիջումներին, իսկ առայժմ  դա էլ չի  նկատվում: NEWS.am-ի թղթակցին նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: 

Պատասխանելով հարցին, թե  նոր տարում կարելի է արդյոք որեւէ դրական առաջխաղացում սպասել ղարաբաղյան  կարգավորման հարցում, Վլադիմիր Կազիմիրովը նշել է. «Շատ եմ ցանկանում, պարզապես տենչում եմ սխալվել, սակայն կարծում եմ, որ տարին  հազիվ թե արգասաբեր լինի ղարաբաղյան կարգավորման համար»: Ըստ նրա` բավական է  նշել միայն նախագահի ընտրություններն ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում, չնայած թերահավատության այլ հիմքեր էլ կան.  դեռեւս  չի զգացվում փոխզիջումներ գտնելու կողմերի պատրաստակամությունը, գերակայում է անհասանելիի հետեւից մրցավազքը: Վերջապես, բացակայում է խաղաղ կարգավորման համար գլխավորը` հուսալի հաշտության  ամրագրումը, ուժին դիմելու գայթակղությունից ամբողջապես հրաժարվելը: «Հիշեցնեմ, 1994թ. ապրիլի  15-ին ԱՊՀ երկրների ղեկավարների խորհուրդը  իր հայտարարությունում առաջին անգամ հարցն այնպես դրեց, որ անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ն դա չի արել. այնտեղ ասված էր, որ անհրաժեշտ է ոչ միայն կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցում, այլեւ դրանց հուսալի ամրագրում: Միայն դրանից հետո կարելի է Ղարաբաղում կարգավորման հաջող առաջընթացի հույց ունենալ», - նշել է նախկին միջնորդը:

Ինչ վերաբերում նրան, թե կարգավորման հարցում կարելի է արդյոք Եվրոպայի դերը համարել  դրական՝ հաշվի առնելով այն արտոնությունը, որը ցուցաբերվում է Ադրբեջանի նկատմամբ`  ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ մշտական անդամակցությունը, Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման համար Բաքվի ընտրությունը, ապա Վլադիմիր Կազիմիրովը կարծում է, որ  թե մեկը, թե մյուսը դժվար թե  ուղղակիորեն կապված լինեն  ղարաբաղյան հիմնախնդրի հետ: «Հավանաբար այդ որոշումներն ընդունելուց առաջ բազմաթիվ այլ գործոններ են հաշվի առնվում: Հասկանալի է, որ  հիմնախնդրի կողմերին թվում է, թե  առաջին հերթին պետք է հաշվի առնվի հենց այդ գործոնը: Բաքվում նույնպես  փորձում են  այդ որոշումները  բացատրել որպես հավանություն համաշխարհային հանրության կողմից: Սակայն կյանքն ավելի բազմակողմանի է»: