Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Ալժիրի անվտանգության խորհրդի աշխատանքները համակարգող քարտուղար, Ալժիրի Նախագահի անվտանգության եւ անդրազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ խորհրդական Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի գլխավորած պատվիրակությանը:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանի եւ Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որից հետո այցի արդյունքներով ստորագրել է համատեղ արձանագրություն, որտեղ շուրջ 10 ուղղություններով մատնանշվել են համագործակցության հիմնական ուղղությունները:
Արթուր Բաղդասարյանը իր խոսքում մասնավորապես նշել է. «Այս այցը նոր էջ կբացի հայ-ալժիրյան հարաբերություններում, կա պոտենցիալ, որը պետք է օգտագործել: Ալժիրը Հայաստանի համար բարեկամ երկիր է: Ալժիրը կիսում է ՀՀ պաշտոնական մոտեցումները արտաքին քաղաքական բազմաթիվ մեզ համար առանցքային ուղղություններում: Եվ այս այցի ընթացքում մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք բազմաթիվ ուղղություններով մեր համագործակցությունը խորացնելու մասին: Նախեւառաջ կձեւավորվի անվտանգության հիմնախնդիրների հետ կապված կոնսուլտացիաների մեխանիզմ: Քայլեր կձեռնարկվեն պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման, ահաբեկչության, կիբերահաբեկչության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում մեր ջանքերը համադրելու, գործնական քայլեր կիրականացվեն տնտեսական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ես կարծում եմ, որ իսկապես կա ներուժ եւ այդ ներուժը պետք է համադրենք, որպեսզի ունենանք արդյունքներ: Մենք խոսել ենք նաեւ տարբեր ոլորտներում մեր համագործակցությունը խորացնելու մասին` ներառյալ ոստիկանության, պաշտպանության, հատուկ ծառայությունների, արտակարգ իրավիճակների ոլորտներում, քննարկել ենք ներդրումներին առնչվող խնդիրներ: Օրակարգը բավականին հարուստ է եւ ես կարծում եմ, որ արդյունքները երկար սպասել չեն տա»:
Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայն իր հերթին նշել է. «Այցիս ընթացքում տեղի ունեցան ջերմ եւ արդյունավետ հանդիպումներ ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, ԱԱԽ Քարտուղարի, պաշտպանության եւ սփյուռքի նախարարների հետ: Քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ` քաղաքական, տնտեսական, պաշտպանական եւ անվտանգության հարցերին առնչվող: Հասկացանք, թե ինչպիսի հնարավորություններ կան երկու երկրների միջեւ հարաբերությունները համակարգելու եւ կոորդինացնելու համար»: Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայը եւս մեկ անգամ նշել է, որ Ալժիրը պատրաստակամ է Հայաստանի հետ խորացնելու համագործակցությունը եւ որ ձեռք բերված պայմանավորվածությունները ծառայելու են այդ նպատակի իրականացման համար:
Ալժիրի Հանրապետությունը համարվում է աֆրիկյան եւ արաբական խոշորագույն եւ հարուստ երկրներից մեկը, որի տնտեսության հիմքը կազմում են գազն ու նավթը: Գազի պաշարներով Ալժիրը զբաղեցնում է 8-րդ տեղն աշխարհում, իսկ նավթի պաշարներով` 15-րդ: Շուտով լրանում է Հայաստանի եւ Ալժիրի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին եւ այդ տարիների ընթացքում երկու երկրների միջեւ միակ ստորագրված փաստաթուղթը` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է: Մուհամեդ Կամել Ռեզագ Բառայն Ալժիրի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, որն այցելել է Հայաստան:





























