Ո՞րն է հակապետական գործունեությունը, Երեւանի կենտրոնում մարդ սպանե՞լը, թե՞ այդ սպանությունների բացահայտումը պահանջելը: Այդ հարցը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից փետրվարի 2-ին բարձրաձայնել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ Մարտիրոսյանի՝ գործող իշխանությունները սկսել են «հանդուրժողականության» դասեր տալ եւ հերթական հիստերիան են բարձրացրել «Ժառանգության» դեմ:

«Ո՞րն է հակապետական գործունեությունը, քաղբանտարկյալ ունենա՞լը, թե՞ դրա դեմ պայքարելը, ընտրակեղծիքներ անե՞լը, թե՞ դրա դեմ պայքարելը, անարդարության արդյունքում մեկ միլիոն մարդու արտագա՞ղթը, թե՞ դրա դեմ պայքարելը, Ցեղասպանության ճանաչման համար պայքարե՞լը, թե՞ արձանագրություններին այո ասելը»,- հարցադրում է կատարել Մարտիրոսյանը եւ հավելել. «Որքան էլ փորձեք լռեցնել ճշմարտության ձայնը, այն միեւնույնն է՝ հնչելու է, եթե ոչ այսօր, ապա վաղը»:

Արմեն Մարտիրոսյանն իր խոսքն ավարտել է Ջիվանու «Խելքի աշեցեք»-ից մի հատված արտասանելով՝ ուղղված Հայաստանի իշխանություններին եւ նրանց սպասարկուներին՝ նկատի ունենալով Հայ հեղափոխական դաշնակցությանը. «Գայլը վրան ոչխարի մորթի առած, գառներուն պահապան հսկող է դառած, խելքի աշեցեք»: