Դեկտեմբերի 31-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի նախատեսված այցն Աֆղանստան կասկածի տակ է հայտնվել ֆրանսիական  պարենային ընկերության պատճառով: Այցի մասին նախատեսվում էր հայտարարել  վերջին պահին` անվտանգության նկատառումներից ելնելով: Սակայն  Paysan Breton ընկերությունը գաղտնազերծել է այն՝ լրագրողներին պատմելով, որ Նոր տարվա առթիվ որոշել է ութ հազար  նրբաբլիթ ուղարկել Աֆղանստանում ծառայող ֆրանսիացի զինվորներին, իսկ դրանք դեկտեմբերի 31-ին անձամբ տեղ է հասցնելու Լե Դրիանը: 

Le Figaro թերթը գրում է, որ նախարարի այցն Աֆղանստան առայժմ չի հետաձգվել: Ընդ որում, գերատեսչությունում նշում են, որ չեն նեղացել Paysan Breton-ից եւ   ըմբռնումով են մոտեցել, որ ընկերությունը «ցանկացել է որքան հնարավոր է արագ հայտնել ուրախալի լուրը», մեջբերում է «Ինտերֆաքսը»:

Paysan Breton-ի ղեկավարությունում պարզաբանում են, որ  հավանաբար սխալի պատճառը ընկերության  աշխատակիցների եւ պաշտպանության նախարարության աշխատակիցների փոխադարձ  թյուրըմբռնումն է եղել:

Արեւմտյան բարձրաստիճան պաշտոնյաների այցերն Աֆղանստան, ինչպես նաեւ տարածաշրջանի այլ անհանգիստ պետություններ, ավանդաբար գաղտնի են պահվում մինչեւ վերջին պահը` անվտանգության նկատառումներից ելնելով: Հաճախ դրանց մասին հայտնի է դառնում VIP-անձի՝ այդ երկիր ժամանելու պահին: