Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ փետրվարի 2-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հետ կապված հարցերին, որին հրավիրված է եղել «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Արամ Վարդանյանը:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ներկաների ուշադրության կենտրոնում է եղել Արցախում հակակարկտային համակարգի ներդրման խնդիրը:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել «Վիասֆեր» ընկերության փորձը այս ոլորտում` նշելով, որ նրա կողմից մշակված եւ Հայաստանի տարբեր վայրերում տեղադրված համակարգերը կարող են իրենց կիրառումը ունենալ նաեւ Արցախում: Նախագահը կարեւորել է հանրապետությունում հակակարկտային մի քանի կայանների փորձնական տեղադրումը մինչեւ անձրեւային սեզոնի սկսվելը:

Խորհրդակցությանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը, պաշտոնատար այլ անձինք: