ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հուլիսի 21-ին ձերբակալել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր-1 բաժնի ավագ օպեր-լիազոր Հովիկ Հովհաննիսյանին: Հովհաննիսյանը կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար։

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, թե նախաքննությամբ պարզվել է, որ Հ.Հովհաննիսյանը 2007թ.ի մայիս-հունիս ամիսներին իր աներոջը՝ Գառնիկ Սարգսյանին, որը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, դրդել եւ օժանդակել է իրականացնել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն, որի հետեւանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս, ինչպես նաեւ «ՎՏԲ-Հայաստան ԲԱՆԿ» ՓԲԸ Սեւանի մասնաճյուղից Գ.Սարգսյանի հաշվից, կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008թթ.. ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 107.976.000 դրամ եւ օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ Գ.Սարգսյանի մահվան կեղծ վկայականը։