ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբի կորիզն արդեն ձեւավորվել է: Այդ մասին Facebook Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում տեղեկացրել է ինքը՝ Հրանտ Բագրատյանը:

«Պետք է ձեզ հայտնեմ, որ այսօր արդեն ձեւավորվել է իմ նախընտրական շտաբի կորիզը՝ շտաբի ղեկավար Արշակ Ավագյան, հանրային հարաբերությունների ղեկավար Կարինե Հարությունյան եւ մամուլի ու տեղեկատվության պատասխանատու Համբարձում Համբարձումյան։ Այսպիսով, դուք կարող եք ձեզ հուզող հարցերով մշտական ռեժիմով աշխատել նրանց հետ»,- գրել է Բագրատյանը։

Նա նաեւ հորդորել է Facebook սոցիալական ցանցի օգտատերերին հանդես գալ առաջարկությունններով՝ իր նախընտրական կարգախոսների ձեւավորման համար. «Սիրելի բարեկամներ։ Խնդրում եմ առաջարկությունններ անել իմ նախընտրական լոզունգների մասով»։ Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար ԱԺ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը դեկտեմբերի 29-ին փաստաթղթեր էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նա առաջադրվել է իր կուսակցության կողմից: