Կամբոջայի ոստիկանություն ձերբակալել է ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկուն: Այդ մասին «Ինտերֆաքսին» հայտնել է Պնոմպենում Ռուսաստանի դեսպանատան հերթապահ դիվանագետ Գալինա Գորյաչկինան:
Նա նշել է, որ հյուպատոսության բաժնի ղեկավարը Սիանուկվիլում է, որտեղ ճշտում է կատարվածի հանգամանքները: Գործակալության զրուցակիցն ասել է, որ սույն պահին ոչ մի այլ տեղեկություն չունի: Ըստ Կամբոջայի լրատվամիջոցների` Պոլոնսկին եւ եւս երկու ռուսաստանցի ձերբակալվել են դատարանի որոշմամբ` տեղացի նավաստիների վրա հարձակման մեղադրանքով: Ըստ քննության տվյալների` դեպքը կատարվել է այն ժամանակ, երբ ռուսաստանցիները փոքր նավով վերադառնալիս են եղել կղզիներից մեկից. նրանք դանակով սպառնացել են անձնակազմին եւ նավաստիներին ստիպել ջուրը նետվել: Պոլոնսկու ներկայացուցիչների կողմից այդ տեղեկության վերաբերյալ մեկնաբանություններ առայժմ չկան:




























