Քաղաքացի Արմեն Խալոյանը Հայաստանի ոստիկանապետի մոտ ընդունելության մտնելու համար վիճաբանել է եւ... հայտնվել ամբաստանյալի աթոռին:

Ըստ գործի նյութերի, Խալոյանը 2012թ. հոկտեմբերի 25-ին՝ ժամը 16:45-ի սահմաններում, Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 130 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության վարչական շենքի ընդունարանում, ՀՀ ոստիկանապետի մոտ ընդունելություն կազմակերպելու հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության պետի խորհրդական Մերուժան Հակոբյանի հետ:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ նա կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, աղմկել է եւ հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով հարվածներ հասցնելով Մ.Հակոբյանին:

Այդյունքում վերջինս ստացել է «առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»:

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, Ա. Խալոյանին մեղադրանք է առաջադրվել միանգամից մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանություն) 1-ին եւ 2-րդ մասերով, 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով (Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը):