Այսօր՝ հունվարի 7-ին,  ժամը 12-ից փակ է Գյումրի-Երեւան ավտոճանապարհը՝ ձնաբքի պատճառով: NEWS.am-ի Շիրակի թղթակցի հետ զրույցում ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչութան պետ Մարատ Սարիբեկյանն ասաց, որ մի շարք ճանապարհներով երթեւեկելն արգելված է:

«Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Լանջիկի հատվածը փակ է, ահավոր բուք է, մեր տղաները ճանշինների եւ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ տարհանել են ճանապարհին գտնվող բոլոր մեքենաներն ու մարդկանց, այս պահին ճանապարհային ոստիկանները հսկողություն են իրականացնում նշված հատվածում, որպեսզի մեքենաներ չանցնեն»,-ասաց նա, հավելելով, որ այս պահի դրությամբ՝ ձնաբքի մեջ մնացած մարդ այլեւս չկա:

Վարչության պետի փոխանցմամբ՝ ճանշինները չեն հասցնում մաքրել ճանապարհները: Բուքն, ըստ նրա, սկսվել է ժամը 12-13-ի սահմաններում: «Մենք կապվել ենք նաեւ Արագածոտնի մարզի փրկարար ծառայության հետ, նրանք էլ իրենց կողմից են ուժեղացված  ծառայություն իրականացնում Մաստարայի կողմից»,-ասաց նա:

Նման իրավիճակ է նաեւ մարզի գրեթե բոլոր տարածաշրջաններում: