Նախաամանորյան տնտեսական անցուդարձն այս անգամ մեր քաղաքացիներին մեծ անակնկալներ չմատուցեց, համենայնդեպս՝ գնային ուժեղ տատանումներ շուկայում չնկատվեցին: Թերեւս դեկտեմբերի 30-31-ին մի փոքր թանկացավ մրգեղենը՝ խնձորն ու ցիտրուսայինները, իսկ ընկուզեղենը մինչ այդ էլ թանկ էր: Փոխարենը՝ հանգիստ կարելի էր էժան խոզի բուդ ձեռք բերել, ԳՈՒՄ-ի մսավաճառները նույնիսկ յուրօրինակ ակցիա էին առաջարկում՝ կգ-ը 2000 դրամ: Սա ռեկորդային ցածր գին է նախորդ տարիների համեմատ: Տավարի միսը ամենապահանջարկվածն էր՝ դեկտեմբերի 31-ին այն գրեթե դեֆիցիտ էր, սակայն թանկացում չկար (կգ-ը՝ 2400-3300 դրամ): Հնդկահավն այդպես էլ չարմատավորվեց հայերի տոնական սեղաններին՝ կգ-ը 3000-3500 դրամ արժեցող թռչնամիսը այդպես էլ չանհետացավ վաճառակետերից:
Այս Ամանորի միակ անակնկալը, թերևւս, հացի դեֆիցիտն էր: Հացն ու լավաշը խանութներից սրբվեցին արդեն դեկտեմբերի 31-ի կեսօրին, ու նորից այնտեղ հայտնվեցին հունվարի 4-ին: Զարմանալի է, սակայն մեր քաղաքացիները հունվարի 1-3-ին ողջ Երեւանով մեկ հաց ճարել չէին կարողանում:
Նախաամանորյան տնտեսական եռուզեռից կարելի է առանձնացնել կենցաղային տեխնիկայի նկատմամբ անսովոր բարձր պահանջարկը: Ոչ բարձր՝ 7-15% զեղչը բազմաթիվ գնորդներ ուղղորդեց դեպի կենցաղային տեխնիկա վաճառող խանութներ, բազմաթիվ խանութներում հերթեր էին գոյացել: Արդեն ավանդույթ է, որ կենցաղային տեխնիկան տարեւերջին զեղչվում է, ու քաղաքացիներից շատերը սպասում են զեղչերի այդ շրջանին, սակայն այս տարի ակտիվությունն աննախադեպ էր, իսկ զեղչերն էլ՝ ոչ այնքան մեծ:
Նոր տարվա մյուս անակնկալը Եվրոպայից, Ռուսաստանից ու Ուկրաինայից Երեւան ժամանող ինքնաթիռների լեփլեցունությունն էր: Դրսում գտնվող մեր շատ հայրենակիցներ նախընտրեցին Ամանորն անցկացնել Հայաստանում, ու սա կարծես թե ավանդույթ է դառնում: Շատերը նախընտրում են ժամանակն ացկացնել հանգստյան գոտիներում՝ Ծաղկաձոր, Աղվերան, Դիլիջան, Ջերմուկ: Արդյունքում՝ գներն այդ հանգստյան գոտիներում դեկտեմբերի 30-հունվարի 8 ժամանակահատվածում սովորականից թանկ են կրկնակի, սակայն նույնիսկ այդ պարագայում հնարավոր չէ ազատ մահճակալ գտնել:
Ամենայն հավանականությամբ՝ Ամանորին նախապատրաստվելու համար քաղաքացիները լրացուցիչ մեր ֆինանսական շուկայում վաճառել են մոտ 100 մլն դոլար, ինչը նպաստեց դոլարի արժեզրկմանը: Համենայնդեպս, ըստ կենտրոնական բանկի տվյալների, դեկտեմնբերի 24-28-ին ներբանկային շուկայում բանկերը գնել են մոտ 144 մլն դոլար: Սա մոտ 50%-ով գերազանցում է շաբաթական «նորման»: Եթե հաշվի առնենք, որ շուկայում փոխանակման կետեր ունեն ոչ միայն բանկերը, ու նաեւ այն հանգամանքը, որ դեկտեմբերի 29-ից հետո ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը չի հրապարակվել, կարելի է համարձակորեն պնդել «100 մլն դոլար» ցուցանիշի վրա, ինչը շատ չի տարբերվում նախորդ տարիներին իրացված արտարժույթի քանակից: Բնականաբար՝ քաղաքացիները միայն դոլարային խնայողությունները չէ, որ ծախսում են Ամանորին պատրաստվելիս, ու այդ պատրաստությունը սկսում են շատ ավելի վաղ: Մոտավոր հաշվարկներով՝ Ամանորյա տնտեսական շրջանառությունը Հայաստանում մոտ 400 մլն դոլար է, կամ յուրաքանչյուր բնակչի հաշվով՝ մոտ 150 դոլար:
Պատրաստեց՝ Սամվել Ավագյանը




























