Հունվարի 28-ին ադրբեջանական բանակում տեղի ունեցած դեպքից հետո, երբ 2 զինվորներ կրակ էին բացել եւ սպանել իրենց 4 ծառայակիցների, ապա ինքնասպան եղել, ինքնասպան եղածներից մեկի հարազատները հայտարարել են, որ կատարվածի հիմնական պատճառը երկրի զինված ուժերում տիրող անառողջ մթնոլորտն է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը հայտնել են ինքնասպանություն գործած շարքայիններից մեկի` Էլհան Ազիզովի հարազատները:

Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները միջադեպի պատճառների առնչությամբ դեռեւս որեւէ բացատրություն չեն ներկայացրել։

«Իմ զարմիկը ստիպված է եղել սկզբում սպանել այդ մարդկանց, ապա ինքնասպան լինել, քանի որ զորամասում նրան ճնշում էին: Ցավոք սրտի, հաստատ ոչինչ այլեւս չենք կարող ասել: Բոլոր պրոբլեմները Էլհանը տարավ իր հետ»,- նշել է զինվորի հորաքույր Lաթաֆաթ Ազիզովան: Իսկ Էլհան Ազիզովի հայրը` Բեյալին, որոշ մանրամասներ է հաղորդել ողբերգությանը նախորդած դեպքերի մասին: «Միջադեպից 45 րոպե առաջ իմ որդին զանգահարել է եղբոր բջջային հեռախոսին եւ հրաժեշտ տվել», — ասել է Ազիզովը՝ հավելելով, թե իրեն այդ հեռախոսազանգը անհանգստացրել էր:

«Ես որոշել էի հաջորդ օրն իսկ մեկնել Դաշքեսան, սակայն երեկոյան հեռուստատեսությամբ հաղորդեցին տեղի ունեցածի մասին», — նշել է զինվորի հայրը՝ անկեղծորեն խոստովանելով, թե չի հասկանում` ինչը կարող էր զորացրման շեմին գտնվող իր որդուն նման ծայրահեղ քայլի դրդել:

Սպանված զինվորի հորաքույրը՝ Lաթաֆաթ Ազիզովան նաեւ հավելել է. «Իմ որդին էլ է բանակում ծառայել: Նրան էլ էին զորամասում ճնշում, մարմինը վերքերով էր պատված, թեեւ որդիս երբեք չէր բողոքում: Այսօր մենք միայն մի պահանջ ունենք` անաչառ կերպով հետաքննել Էլհանի հետ կատարվածը»: