ԱՄՆ Կոնգրեսի հատկացումների կոմիտեն, հաստատելով 2010 ֆինանսական տարվա օտարերկրյա պետություններին հատկացվելիք օգնության չափերը, ուժի մեջ է թողել «Ազատության աջակցման ակտի» 907-րդ ուղղումը: ԱՄՆ պետքարտուղարությունը խորհրդակցելով հատկացումների կոմիտեի հետ, եկել է այն եզրակացության, որ ուղղման վերացումը վաղաժամ է: Նույն օրինագծով հաստատվել է 48 մլն դոլարի հատկացումը Հայաստանին եւ 10 մլն դոլարի հատկացումը Լեռնային Ղարաբաղին:

Հատկացումների կոմիտեն հաստատել է 907-րդ ուղղման կարեւորությունը եւ կոչ է արել հակամարտող կողմերին ձեռնպահ մնալ սպառնալիքներից, սադրանքներից ու ռազմատենչ հայտարարություններից:

Հիշեցնենք, որ 2001թ. սեպտեմբերի 11-ից հետո, պետքարտուղար Քոլին Փաուելի «Ադրբեջանում գործող ահաբեկչական տարրերի ու կազմակերպությունների դեմ պայքարում ճկունություն դրսեւորելու» համաձայն, Կոնգրեսը ներկայացրել էր 907-րդ ուղղման պայմաններն ու սահմանափակումները: Ուղղումը չեղյալ հայտարարելու պայմանները նախատեսում էին, որ Ադրբեջանին ցուցաբերվող ցանկացած օգնություն չպետք է խարխլի կամ խոչընդոտի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը կամ օգտագործվի Հայաստանի դեմ պատերազմի կամ «Կովկասի որեւէ հայ համայնքի դեմ պատերազմում»: