Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են Մադրիդյան սկզբունքներից չորսը: Թուրքական «Զաման» օրաթերթին տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարել է, որ առաջնային պլանում իրենց նպատակը ոչ թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, այլ կողմերին հիմնարար սկզբունքներին մոտեցնելը, իսկ այդ կտրվածքով, ըստ Ֆասիեի, գործընթացը դրականորեն է առաջ շարժվում:

Ֆասիեն, ըստ «Զաման» օրաթերթի, նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ներկայացված «կարգավորման նախագծի» համաձայն, նախատեսվում է առաջին փուլում Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող «Հայաստանի կողմից օկուպացված» տարածքները: Իսկ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին պետք է շնորհի «ժամանակավոր կարգավիճակ»: Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ «իրավական կապը» շարունակելու համար սահմանվող այս ճանապարհով Ադրբեջանը «իր մի հատվածին» անորոշ ժամանակով «ժամանակավոր կարգավիճակ» է տալու: Իսկ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հետագայում կորոշվի ինքնորոշման իրավունքով: «Այդ վիճակը ապահովելու է մարդկանց խաղաղ գոյակցությունը: 5-10 տարի այդպես ապրելուց հետո հարմար առիթի դեպքում որոշում կկայացնեն կարգավիճակի վերաբերյալ»,- ասել է Ֆասիեն` հավելելով, որ այդ առաջարկը «միակ բանաձեւն է, որը պաշտպանում է ինչպես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ թույլ տալիս շարունակել իրավական կապը Լեռնային Ղարաբաղի հետ, այնպես էլ ապահովում տարիներ շարունակ նոր պատերազմի վախի մեջ ապրող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը»:

Ֆասիեն հայտարարել է նաեւ, որ եթե հայ եւ ադրբեջանցի առաջնորդներն ընդունեն առաջարկված «ճանապարհային քարտեզը», ապա դա մեծ ձեռքբերում կլինի բանակցային գործընթացում եւ հնարավոր կլինի անցնել երկրորդ փուլին: «Սակայն չնայած դրական զարգացումներին, ֆիլմի վերջը դեռ չի մոտեցել»:

Անդրադառնալով Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դառնալու նկրտումներին, Ֆասիեն հայտարարել է, որ դա հնարավոր չէ: «Դա հնարավոր չէ: Սա ֆրանսիացի համանախագահի խոսքերը չեն: Ողջամտությունը դա է պահանջում»,- նշել է համանախագահը եւ հավելել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը առանձին գործընթաց է եւ որեւէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ: «Դրանք միեւնույն տարածաշրջանում ընթացող, բայց միմյանցից անկախ բանակցային գործընթացներ են», ասել է Ֆասիեն: