Ամերիկյան «Բիզնես Ուիք» շաբաթաթերթը փետրվարի 2-ի իր համարում տպագրել է «Հայկական Սփյուռքում առաջ եկող ճեղքվածքը» վերնագրով մի հոդված, ըստ որի, ինչպես հայաստանցիներն են ասում, երկար տարիներ Հայաստանին աջակցած հայկական Սփյուռքին այսօր այնքան էլ չեն մտահոգում երկրի ներկա խնդիրները։
1991 թվականին անկախություն հռչակելուց հետո, Հայաստանն իր վրա զգաց աշխարհասփյուռ հայերի աջակցությունը, ինչի արդյունքում կառուցվեցին դպրոցներ ու ճանապարհներ, վերականգնվեցին տներ։ Սակայն Հայաստանի ու Սփյուռքի միջեւ ճեղքվածքը միշտ է եղել, որը վերջին տարիներին ավելի է խորանում, գրում է շաբաթաթերթը։ Պատճառներից գլխավորը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն է։
Հոդվածի հեղինակ Ռուզան Հակոբյանը մեջբերում է գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի խոսքերը, որն ասում է, թե Սփյուռքը շատ է զբաղված Ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչելու խնդրով եւ կոչ անում, որ այն ավելի մեծ ուշադրություն դարձնել մարդու իրավունքները պաշտպանելու, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պահանջով Հայաստանի իշխանությունների վրա ճնշումներ բանեցնելու հարցին։
Թերթը հիշեցնում է, որ 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո անգամ հայկական համայնքները հիմնականում լուռ մնացին, իսկ Ամերիկայի Հայկական համագումարը եւ Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, որոնք հանդես եկան բռնությունները դատապարտող կարծր հայտարարություններով, միաժամանակ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին։
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, ըստ հոդվածագրի, հայկական Սփյուռքը գտնում է, որ այն Արեւմուտքի ու Ռուսաստանի ճնշման հետեւանք է։ Արտասահմանի հայ համայնքների գործիչներից շատերը դատապարտում են Հայաստանի իշխանություններին՝ նրա համար, որ Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում քննարկումներ չանցկացրին Սփյուռքի հայերի հետ։
Նույնիսկ կան գործիչներ, ովքեր կարծում են, թե հայ-թուրքական արձանագրություններն ավելի են իրարից օտարելու Հայաստանն ու Սփյուռքը։ Այդ արձանագրություններն էին պատճառը նաեւ նրա, որ 2009-ի Հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվեց նախորդ տարվա հավաքած գումարի միայն կեսը, գրում է «Բիզնես Ուիք» շաբաթաթերթը՝ եզրափակելով. «Հայաստան-Սփյուռք հարաբերություններում քաղաքականության փոփոխություն է հարկավոր»։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:



























