Թուրքական եւ միջազգային մամուլը հեղեղված է Թուրքիայի խորհրդարանում փետրվարի 2-ի երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքի մասին ռեպորտաժներով։ Բռնցքամարտ հիշեցնող նման տեսարանները թուրքական խորհրդարանում առաջին անգամը չէ, որ տեղի են ունենում։

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր խորհրդում ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (MHP) կուսակցության պատգամավոր Օսման Դուրմուշը ամբիոնի մոտ ելույթի ժամանակ քննադատել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորներին, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին համարում են երկրորդ մարգարե։ Օսման Դուրմուշը օրինակ է բերում Էրդողանի ղեկավար կուսակցության նահանգային կառույցի ղեկավարի խոսքը եւ նշում, որ իրենք սպասում էին, որ Էրդողանը կհայտարարի, թե ինքը երկրորդ մարգարեն չէ։ Ընդդիմադիր պատգամավորը անդրադարձել է գլխաշոր կրելու հետ կապված խնդրին։ Թուրքիայի վարչապետի կատաղի պատասխանները չեն ուշացել։ Էրդողանը մոտեցել է ամբիոնին եւ հիշեցրել ընդդիմադիր պատգամավորին, որ մարգարեների դինաստիան վաղուց վերջացել է եւ իրենք գիտեն թե ինչ ինտերնետ կայքէրում է ընդդիմադիր պատգամավորը կարդացել այդ տեղեկությունը։ Էրդողանը խիստ է վերաբերվել գլխաշորի հետ կապված ընդդիմադիրի խոսքին՝ բարկացած նշել է, որ անբարոյական է անտեղի հայտարարություններ անել իր կնոջ հասցեին, ով գլխաշոր է կրում։

Թուրքիայի վարչապետի ելույթից հետո իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորները մոտեցել են ընդդիմադիրների կողմը եւ ծագել է բռունցքներով լուրջ բախում։ Վիճաբանության ընթացքում Թուրքիայի ներկա առողջապահության նախարարը դիմելով նախկին նախարար Դուրմուշին, ով խիստ մեղադրանքներ էր ներկայացրել Էրդողանին, ասել է «Լռիր այ ստախոս „հարիֆ“, արի այստեղ»։ Բռնցաքամարտ հիշեցնող վեճաբանությունից հետո կոտրվել են երկու պատգամավորների ակնոցները, իսկ մեկ պատգամավոր տեղափոխվել է հիվանդանոց։