Ներդրումային Oaktree Capital Management հիմնադրամի ղեկավար Հովարդ Մարքսը Մալիբուի իր կալվածքը ռեկորդային՝ 75 մլն դոլար գնով է վաճառել:

The Wall Street Journal-ի աղբյուրը հայտնում է, որ օվկիանոսի ափին գտնվող կալվածքի սեփականատեր է  դարձել ռուսաստանցի մի միլիարդատեր, որի անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ միլիարդատերը տունը գնել է կնոջ հետ միասին:

Forbes-ի տվյալով, շքեղ վիլլայի մակերեսը գրեթե 1860 քմ է: Այն ունի ութ ննջասենյակ, 14 լոգասենյակ: Կալվածքում նաեւ երկու հյուրատուն կա, մարզասրահ, թենիսի կորտ եւ օվկիանոսի մոտ տեղակայված լողավազան:

Նախորդ սոփականատերը տունը Herbalife-ի հիմնադիր Մարկ Հյուզի ժառանգներից գնել էր 2002թ.՝ 31 միլիոն դոլարով: Յոթ տարի այն նորացվել է հայտնի դեկորատոր Մայքլ Սմիթի գլխավորությամբ, որն ավելի վաղ զբաղվել էր Սպիտակ տան  Օվալաձեւ  սենյակի վերանորոգմամբ:   Ադյունքում առանձնատան արժեքը, ըստ ոչ պաշտոնական գնահատման, հասել էր 125 միլիոն դոլարի: Սակայն նրա վաճառքի գումարն էլ  ռեկորդային է Մալիբուի համար, այն գերազանցել է 2008թ. ռեկորդը, երբ Լոս Անջելեսի քաղաքապետի  նախկին կնոջ` Նենսի Դեյլի Ռիորդանի առանձնատունը վաճառվել էր 68 միլիոն դոլարով, գրում է  NEWSru.com-ը:

2011թ. ռուս մեկ այլ միլիարդատեր` IT ոլորտի ներդրող Յուրի Միլները, Կալիֆոռնիայում առանձնատուն էր ձեռք բերել 100 միլիոն դոլարով. դա ԱՄՆ-ի բնակելի տների շուկայում առայժմ չգերազանցված ռեկորդ է: