Ուրցաձորում տեղադրված տեսաթակարդները ֆիքսել են 8-րդ կովկասյան հովազին, այս մասին հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից:
«Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) տեղադրված տեսաթակարդները հերթական անգամ արձանագրել են տարածաշրջանում կրիտիկական վտանգված պարսկական/կովկասյան հովազի (Panthera pardus tulliana) ներկայությունը։ Սա CWR տարածքում փաստագրված արդեն 8-րդ առանձնյակն է։
Հովազի տեղաշարժը տեսաթակարդների միջոցով ֆիքսվել է CWR-ի 3 տարբեր տեղամասերում՝ ընդգրկելով նրա միգրացիոն ուղու ամբողջ հատվածը, իսկ վերջին արձանագրումները կատարվել են ապաստարանի Ուրցաձորի տեղամասում։
Նույն առանձնյակի հաջորդական ֆիքսումը ապաստարանի տարբեր հատվածներում փաստում է CWR-ի միգրացիոն միջանցքների անվտանգությունը, տարածքի լիարժեք պահպանությունն ու էկոհամակարգի կայունությունը։ Տվյալները վկայում են, որ CWR-ը շարունակում է ծառայել որպես հովազի պահպանության և կենսունակության ապահովման առանցքային տարածքներից մեկը Հարավային Կովկասում։
Օրերս Երևանում ավարտված ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովի (CBD COP17) ընթացքում միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էին ոչ պետական պահպանվող տարածքների արդյունավետությունն ու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (KMGBF) նպատակների իրագործումը։
Ուրցաձորում արձանագրված այս բացառիկ կադրերը գործնական ապացույցն են այն բանի, որ CWR-ի ոչ պետական պահպանվող տարածքի մոդելն ապահովում է չափելի ու կայուն արդյունքներ՝ ուղղակիորեն նպաստելով գլոբալ կենսաբազմազանության պահպանման թիրախներին։
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հիմնադրվել է 2002 թվականին։ Կազմակերպությունը զբաղվում է Հայաստանի բնության, կենսաբազմազանության և մշակութային ժառանգության պահպանությամբ։ FPWC-ի նախաձեռնությամբ ստեղծված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR) առաջին ոչ պետական պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում, որն այժմ ընդգրկում է շուրջ 35,000 հեկտար տարածք»,- նշված է հաղորդագրության մեջ:
Տեսանյութն՝ այստեղ:





























