2009թ-ի երկրորդ կիսամյակին «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վերամշակման ծավալները ավելացրել է հինգ տոկոսով:
Նախատեսվում է, որ այս տարվա վերջին այն կհասնի 3-3,5 միլիոն տոննայի:
2009թ-ի երկրորդ կիսամյակին «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն վերամշակել է մոտավորապես 1.3 միլիոն տոննա հանքաքար, ինչը հինգ տոկոսով ավելի է 2008թ.-ի արդյունքներից:
2009թ-ին կոմբինատը արտադրել է 248 տոննա մոլիբդենի խտանյութ եւ 13.500 տոննա պղնձի խտանյութ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքով 2009թ-ի փետրվար ամսին կոմբինատը դադարեցրել էր իր արտադրական գործունեությունը եւ վերսկսել իր աշխատանքը ամբողջ ծավալով հունիսի 30-ից:
Ընկերությունից հայտնում են, որ կոմբինատի աշխատանքը դադարեցնելու պահից հինգ հարյուր աշխատակիցներ շարունակել են վերանորոգման-վերականգնման աշխատանքները, իսկ չորս հարյուր աշխատակիցներ ուղարկվել են հարկադիր արձակուրդ, բայց ձեռնարկության վերաբացումից հետո այդ աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատատեղերը:
Նշենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը պատկանում է «ԳեոՊրոՄայնինգ Գրուպ» ընկերությանը: Ընկերության հանքավայրերը եւ լեռնա-հարստացուցիչ գործարանները գտնվում են Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Վիետնամի տարածքներում:



























